National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.03.2024
Հուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխում է նախատեսվում
1 / 6

Oրենքի նախագծի  ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, հուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու,  ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրումներ ունենալու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականին եւ անցնող ժամանակաշրջանում այն մի քանի անգամ  լրամշակվել է,  կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Սակայն ոլորտը շարունակական զարգացման ընթացքի մեջ է եւ իրավահարաբերությունները կարգավորելու ու առավել հստակեցնելու անհրաժեշտություն կա: Հեղինակը հայտնել է, որ մշակույթի ոլորտում Հայաստանը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 կոնվենցիա, կոնվենցիաներին կից 3 արձանագրություն եւ 1 պայմանագիր: Մասնավորապես, մեր երկիրը միացել է «Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պահպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիային, դրա առաջին՝ 1993 թվականի, եւ երկրորդ՝ 2006 թվականի արձանագրություններին: Կոնվենցիան եւ նրա երկու արձանագրությունները կողմերին պարտավորեցնում են «հարգել իրենց եւ մյուս կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների, դրանց անմիջական շրջակայքի եւ պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն»: Նշվել է, որ առաջարկվող այս եւ մյուս փոփոխություններն օրենքը համահունչ կդարձնեն ստանձնված պարտավորություններին, ինչպես նաեւ որոշ հստակություն կմտցնեն  Կառավարության եւ լիազոր մարմնի իրավասություններում:

Լիլիթ Գալստյանը  ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները,  որոնցով, մասնավորապես, արգելվում է հուշարձանների պահպանությունը եւ օգտագործումը քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական, էթնիկ եւ ազգային խտրականության նպատակներով:

Արգելվում է զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց անմիջական շրջակայքի եւ պահպանության գոտու օգտագործումն ու վերափոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ  Թագուհի Ղազարյանը:

Հարցուպատասխանի եւ մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները ողջունելի են համարել օրենսդրական նախաձեռնությունը, ներկայացրել առաջարկներ, հետաքրքրվել հուշարձանների պահպանության հարցերով, դրանց վերականգնման կանոնների՝ աուտենտիկության (նույնականության)  պահպանությամբ, կարեւորել հուշարձանների մոտ ցուցանակների առկայությունը:

Այս համատեքստում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատել է, որ, օրինակ, միջնադարյան որոշ հուշարձանների վրա հայտնվում են եվրոպատուհաններ: «Աուտենտիկության  տեսանկյունից սա լրջագույն խնդիր է: Ինչպե՞ս պահպանել աուտենտիկության խնդիրը»,- հարցրել է պատգամավորը՝ նաեւ նշելով, որ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տարածքում նոր շինություններ են կառուցվում: Ինչպե՞ս է պետությունն արձագանքում այդ խնդիրներին: «Շատ-շատ ցավալի թեմայի եք անդրադառնում, քանի որ ՀՀ-ի տարածքում կան վաղ միջնադարյան հուշարձաններ, բերդեր, ամրոցներ, որոնք ժամանակին ժամանակակից քարով ու սվաղով ամրացնելու հետեւանքով կորցրել են իրենց արժեքն այն առումով, որ կարող էին գրանցվել համամարդկային հուշարձանների ցանկում, եւ դա անվերականգնելի վնաս է»,- պարզաբանել է հարակից զեկուցողը: Թագուհի Ղազարյանը պարզաբանել է՝ սա շատ ցավալի խնդիր է, որին այս նախագիծը լուծում չի տալու: Ըստ նրա՝ այդ հարցի վերաբերյալ կարգավորումներ ընդունվել են նախորդ տարի, երբ ամբողջական օրենքի նախագիծ բերվեց, որով հնարավորինս կարգավորվում են վերականգնման ու ռեստավրացիայի հարցերը: Պատգամավորը, սակայն, նշել է, որ այստեղ կա վարչարարության եւ հնարավորությունների հարց, ինչը խիստ սահմանափակ է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է լրամշակված նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական կարծիքը՝ նշելով սակայն որոշ մասեր մինչեւ երկրորդ ընթերցում վերանայելու անհրաժեշտությունը:

Եզրափակիչ ելույթում Լիլիթ Գալստյանն անդրադարձել է հնչեցված հարցերին եւ առաջարկներին, տվել պարզաբանումներ, նշել ոլորտում առկա խնդիրները:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am